Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ի՞նչ կլինի հունիսի 8-ին

Ի՞նչ կլինի հունիսի 8-ին
04.06.2026 | 10:16

Կարծում եմ` ոչինչ էլ չի լինի: Բնակչությունը «կկիսվի» երեք մասի: Բնակչության 1-ին զգալի մասը դեմ կքվեարկի գործող իշխանությանը: Բնակչության 2-րդ զգալի մասը չի մասնակցի ընտրություններին: Իսկ 3-րդ զգալի մասը կքվեարկի գործող իշխանության օգտին: Բոլորի համար ակնհայտ կլինի, որ 1-ին զգալի մասը թվաքանակով ավելի մեծ կլինի 3-րդ զգալի մասից: Սակայն, 1-ին և 3-րդ զգալի մասերի ընդհանուր թիվը փոքր կլինի 2-րդ զգալի մասի թվից: Մի խոսքով, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես վերջին 31 տարիների ընթացքում:

Գործող իշխանությունը կտեսնի, կհամոզվի, որ բնակչության 1-ին զգալի մասի թվաքանակն ակնհայտ մեծ է 3-րդ զգալի մասի թվից, սակայն կհայտարարի 3-րդ զգալի մասի հաղթանակի մասին:

Հունիսի 8-ին Երևանի փողոցները վաղ առավոտից կողողվեն ոստիկանական հագուստով բնակչության 4-րդ ոչ այդքան զգալի, սակայն ագրեսիվ մասով: Բնակչության 1-ին մասի, առավելագույնը` 2-5%-ը դուրս կգա փողոց, կհանդիպի 4-րդ մասին և կցրվի տներով: Գիտե՞ք ինչու: Որովհետև, Հայաստանում այդքան էլ կարևոր չէ շատ ձայներ հավաքելը, փոխարենը` կարևոր է կապիտալիզացնել դրանք: Իսկ քվեները կապիտալիզացնելու համար անհրաժեշտ է անբասիր անցյալով, վառ ներկայով, որոշումներ կայացնելու ունակ, էմպատիկ լիդեր:

Այսինքն, կարծում եմ, որ հունիսի 8-ին արտառոց ոչինչ չի լինի: Թեպետ, օդերևութաբանները հունիսի 8-ին անձրև են կանխատեսում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3469

Մեկնաբանություններ